Արդեն 11 տարի էր, ինչ նա կանոնավոր կերպով մորը ամսեկան 300 դոլարի չափ գումար էր փոխանցում

Մոր բնակարան վերադարձավ ուշ երեկոյան: Դեռևս բնակարանի դուռը չբացած քթին հասավ բնակարանի ծանոթ հոտը, իսկ երբ բացեց ու ներս մտավ, ամբողջովին այդ հոտի` մոր հոտի մեջ էր: Տարիների ընթացքում այդ հոտը ավելի էր սրվել, տան վերանորոգում չտեսած պատերը, կահույքը, հագուստը, գրադարակներն ու գրքերը ամբողջովին ներծծված էին այդ հոտով, և հիմա, երբ մայրը այլևս չկար, նրանից եկող հոտը շարունակում էր իր գոյությունը: Նա մտավ հյուրասենյակ և վառեց սենյակի լույսերը: 15 տարիների ընթացքում ոչինչ չէր փոխվել բնակարանում, բացարձակապես ոչինչ, եթե փոփոխություն չհաշվենք այն փաստը, որ երկրաշարժից հետո առաջացած պատերի ճաքերը մեծացել էին և պատերին կպցրած պաստառների գույնը տարիների ընթացքում նստած փոշուց՝ մգվել: Բոլոր իրերը գտնվում էին ճիշտ այն դիրքում, ինչ դիրքում նա դրանք թողել էր 15 տարի առաջ: Սենյակի պատերց կախված էին գրադարակները, որոնք լցված էին երաժշտական, մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ: Մահճակալի դիմաց դրված էր հին, սև-սպիտակ էկրանով հեռուստացույցը, որը իր մեկնելուց մի քանի ամիս առաջ փչացել էր, և Համլետը վստահ էր, որ մայրը չի վերանորոգել այն, որովհետև չէր սիրում հեռուստացույց նայել: Մահճակալի մոտ դրված պահարանի վրա ռադիոընդունիչն էր, որը մայրը հաճախ էր միացնում լրատվություն կամ երաժշտություն լսելու համար: Նա հայացքով զննում էր սենյակի իրերը, փորձելով գտնել ինչ-որ նորություն, բայց միակ նորությունը սենյակի կենտրոնում դրված իր ճամփորդական մեծ ճամպրուկն էր:

Արդեն 11 տարի էր, ինչ նա կանոնավոր կերպով մորը ամսեկան 300 դոլարի չափ գումար էր փոխանցում, և նրան միշտ թվացել էր, որ մայրը ոչ մի բանի կարիք չունի, այնինչ պարզվում է, որ նա նունիսկ նոր տեխնիկա գնելու և տունը վերանորոգելու հնարավորություն չի ունեցել: Ինչպես շատ արտագաղթածների պարագայում է, Համլետի մոտ էլ սխալ պատկերացում էր ձևավորվել, թե Հայաստանը ճիշտ այնպիսին է, ինչպիսին եղել է իր երկրից դուրս գալու պահին: Չգիտես ինչու նրա մտքով չէր անցել, որ գնաճի երևույթը, ինչին շատ անմիջականորեն ծանոթ էր գործի բերումով, տարածվում է նաև Հայաստանի պես «քոսոտ» երկրների վրա: Բայց այնուամենայնիվ տարօրինակ էր, որ մայրը իր ուղարկած գումարով ոչ մի նոր իր չէր կարողացել գնել, մի՞թե գումարը ամբողջությամբ սնունդի ու կոմունալ վճարումների վրա էր ծախսվել:

Բեռնակիրը ներքնակը գրկած անցավ դռնով և իջավ ներքև: Համլետը մոտեցավ մահճակալին և տոպրակը վերցնելով հանեց թղթերը: Դա բանկի հետ կնքած պայմանագրի օրինակն էր, նոտարում հաստատված մոր կտակը, որով նա բանկում ավանդ դրած ամբողջ գումարը` 42400 դոլարը կտակում էր որդուն և մի ծրար, որի մեջ մոր նամակն էր: Դա նշանակում էր, որ այս տարիների ընթացքում մայրը ոչ մի դրամ չի ծախսել իր ուղարկած գումարից և իրեն է վերադարձնում իր ուղարկած գումարը՝ գումարած ավանդի տոկոսը: Հուսահատության և անզորության զգացողությունից Համլետը փլվեց մահճակալի վրա և նոր անակնկալի սպասումով պատռեց սոսնձված ծրարի թուղթը ու ծրարի միջից հանեց մոր նամակը: Նամակի բովանդակությունը շատ հակիրճ էր: Մայրը ներողություն էր խնդրում, որ նրան զրկել է հոր հետ շփվելու հնարավորությունից, գրում էր, որ հայրը` Հայկ Սարգսյանը, միշտ ցանկացել է կապ պահպանել նրա հետ: Նամակի վերջում գրված էր հոր բնակության հասցեն:

Հատված Համբարձում Համբարձումյանի «Համլետի հոր ուրվականը» պատմվածքից:

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր